Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակարդախոտ կպչուն (լատին․՝ Galium aparine), տորոնազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Կողավոր ցողուններով, 30-100 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Գծային-նշտարաձև նստադիր տերևների ստորին մակերեսը միջին ջղի երկարությամբ ծածկված է փշաձև մազիկներով։ Ցողունների հանգույցներում տերևները դասավորված են փնջաձև (6-8-ական)։ Անոթային ծաղկաբույլերում՝ 2-3 ծաղիկներից կազմված կիսահովանոցներում, աճում են մանր ծաղիկներ, որոնք ունեն երկարավուն բլթակներով սպիտակ չորս պսակաթերթիկներ։ Երկու մասից կազմված չոր պտղի մերիկարպիումները ծածկված են կեռիկանման մազիկներով[1]։
Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ճանապարհների եզրերին և ցանքսերում։ Հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում[1]։
Բուժական նպատակներով ծաղկման շրջանում օգտագործվում են խոտային մասը, երբեմն էլ արմատները։ Բույսը պարունակում է դաբաղանյութեր, սապոնիններ, իրիդոիդներ, ֆլավոնոիդներ, C, K վիտամիններ, կիտրոնաթթու, կարմիր ներկանյութ և այլն։ Թարմ հյութը արտաքին օգտագործման եղանակով կիրառում են մաշկային ցաների, թութքի, ֆուրունկուլների, որքինի, պսորիազի և այլ մաշկային հիվանդությունների բուժման համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|