Բուսքերուդ[3] (նորվ.՝ Buskerud), ֆյուլքե Նորվեգիայում[4]։ Վարչական կենտրոնը Դրամեն քաղաքն է։ Սահմանակից է Սոգն օգ Ֆյուրանե, Օփլան, Հորդալան, Թելեմարք, Օսլո, Աքերսհուս և Վեսթֆոլ կոմսություններին։ Ունի 271.252 բնակիչ (2014թ.):
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Բուսքերուդի բնակչությունը հիմնականում զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ, հանքաարդյունաբերությամբ (արծաթի, կոբալտի և երկաթի արդյունահանում), որսորդությամբ և ձկնորսությամբ[4]։ Նշված ոլորտներից շատերը ներկայումս էլ հանդիսանում են կոմսության տնտեսության առանցքային ճյուղերից։
Կոմսությունն իր անվանումը ստացել է Բուսքերուդ անունով հին կալվածքից (հինսկանդերեն՝ «Biskupsruð»): Անվան սկզբնամասը՝ «Biskup», նշանակում է եպիսկոպոս, իսկ վերջավորությունը՝ «ruð», նշանակում է ֆերմա[5][6][7]։
Բուսքերուդը տարածվում է Օսլո-ֆյորդից մինչև Հալինգի լեռներ։ Կոմսությունը պայմանականորեն բաժանված է պատմական շրջանների՝ Հալինգդալ, Նումեդալ, Ռինգերիկե, Փոքր Բուսքերուդ։
Հալինգդալը կազմված է Ֆլո, Նես, Գուլ, Օլ, Հեմսեդալ և Հուլ համայնքներից[8][9]։ Ռինգերիկեն բաժանված է Հուլե, Կրյոդսհերադ Մուդում, Ռինգերիկե և Սիգդալ համայնքներից։ Նումեդալը կազմված է Հուրում (մի մասը) և Ռյոյկեն համայնքներից[10][11]։ Փոքր Բուսքերուդը բաժանվում է Դրամեն, Հուրում (մի մասը), Կոնգսբերգ, Լիեր, Նեդրե Էյկեր, Ռյոյկեն, Էվրե Էյկեր համայնքներից[12]։
Բուսքերուդի արևմտյան մասը իրենից ներկայացնում է բարձրավանդակ՝ անտառապատ հարթավայրերով և բարձր, կանաչապատ արոտավայրերով։ Կոմսության արևելյան հատվածը դաշտավայր է, որտեղ առկա են բազմաթիվ լճեր ու գետակներ։ Տյուրիֆյորդը և Կրյոդերեն լճերը համայնքյի ամենամեծ լճերն են, իսկ առաջինը հանդիսանում է նաև Նորվեգիայի մեծությամբ հինգերորդ լիճը։ Կոմունայի տարածքով հոսող Նումեդալսլագենը երկարությամբ Նորվեգիայի երրորդ գետն է։
1685 թվականին Բուսքերուդը առանձնացվում է Ակերսհուսից, բայց այն ժամանակ այն ուներ ավելի քիչ մակերես, քան ներկայումս։ Սկզբնական շրջանում կոմսությունը կազմված էր Էիքեր, Հալինգդալ և Ռինգերիկե շրջաններից։ 1760 թվականին Ակերսհուսից Բուսքերուդին են փոխանցվում Ֆլեսբերգ, Հուրում, Կոնսգբերգ, Լիրե, Նյուրե օգ Ուվդալ, Ռոլագ և Ռյոկեն համայնքները։ Բուսքերուդի ներկա վարչատարածքային կարգը հաստատվել է 1964 թվականին՝ անվանման գրելաձևի փոփոխությամբ և Վեստֆոլդից Բուսքերուդին միացնելով Սոգեր համայնքն[13]։
10-րդ դարում Ռինգերիկեն եղել է փոքր թագավորություն։ Տարբեր ժամանակներում կոմսությունում են բնակվել Նորվեգիայի 4 թագավորներ։ Տարածաշրջանը հայտնի է իր զենքի արտադրությամբ դեռևս հին ժամանակներից[14]։
Բուսքերուդի զինանշանը հաստատվել է 1964 թվականի ապրիլին և իրենից ներկայացնում է արծաթագույն վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է կապույտ արջ։ Արծաթագույնը խորհրդանշում է կոմսության տարածքում արդեն մի քանի դար գործող արծաթի հանքավայրերը։
Բուսքերուդի տնտեսության առանցքային ոլորտներն են հանդիսանում արծաթի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, փայտավերամշակումը։ Բեգնաելվա և Ռանդսելվա գետերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ, որոնք ապահովում են կոմսության էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Զարգացած է նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որը կենտրոնացված է Կոնսբերգում[15][16]։
Բուսքերուդում բավականին զարգացած է սպորտը, հատկապես՝ ձմեռային մարզաձևերը։ Նորվեգիային օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի մրցումներից բազմաթիվ մեդալներ են բերում Բուսքերուդի մարզիկները, որոնցից են Ֆրոդե Անդերսենը, Քրիստեր Բասման, Դագ Բյորնդալենը, Հավարդ Բյոքեն, Օլե Էինար Բյորնդալենը։
Բուսքերուդ կոմսության վաչրատարածքային առումով բաժանվում է 21 համայնքների։