Տենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տենդ
Տեսակ ախտանիշ
Ենթադաս medical sign
ՀՄԴ-9 780.6
ՀՄԴ-10 R50
MedlinePlus 003090
eMedicine 217675
MeSHID D005334
Fever Վիքիպահեստում

Տենդ, մարդու և բարձրակարգ տաքարյուն կենդանիների օրգանիզմի ընդհանուր ռեակցիան հիվանդածին ազդեցությունների (վարակ, տրավմա) նկատմամբ, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, նյութափոխանակության, արյան շրջանառության փոփոխությամբ և այլն։ Նախկինում տենդ են համարել ջերմությամբ ուղեկցվող բազմաթիվ հիվանդություններ, այժմ այն դիտվում է որպես մի շարք հիվանդությունների (հիմնականում վարակիչ) բնորոշ ախտանշան։ Տենդի զարգացման անմիջական պատճառը ջերմածին նյութերն են, որոնք կարող են օրգանիզմ թափանցել արտաքին միջավայրից՝ մանրէների, վիրուսների միջոցով, կամ առաջանալ օրգանիզմի հյուսվածքների բջիջներում՝ դրանց ախտահարման հետևանքով։ Օրգանիզմում ջերմածին նյութերի աղբյուր են հատկապես արյան նեյտրոֆիլ լեյկոցիտները, մոնոցիտները, շարժուն և անշարժ մակրոֆագ բջիջները։ Տենդի զարգացման ընթացքում տարբերում են 3 շրջան՝

  • ջերմաստիճանի բարձրացման,
  • բարձր ջերմաստիճանի կայուն պահպանման,
  • ջերմաստիճանի իջեցման

Առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաստիճանի բարձրացման շրջանում ջերմառաջացումը գերակշռում է ջերմատվությանը։ Ջերմաառաջացումը կմախքային մկաններում և ներքին օրգաններում ուժեղանում է օքսիդացման երեույթների արագացման, իսկ ջերմատվությունը թուլանում է ծայրամասային անոթների նեղացման և քրտնարտադրության ընկճման հետևանքով։

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդի երկրորդ շրջանում ջերմառաջացման ուժեղացման հետ արագանում է նաև ջերմատվությունը․ նշված երկու երևույթները հավասարակշռվում են։ Ջերմատվության ուժեղացումը տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացման հետևանքով։

Երրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդի երրորդ շրջանում ջերմատվությունը գերազանցում է ջերմառաջացմանը՝ քրտնարտադրության ուժեղացման հետևանքով։

Բացասական ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենդը օրգանիզմի վրա ունենում է թե բացասական, թե՝ դրական ազդեցություն։ Բացասականն այն է, որ օրգանիզմի հյուսվածքներում առաջանում են ինչպես սպիտակուցային, ածխաջրային, ճարպային և հանքային փոխանակությունների, այնպես էլ կենտրոնական նյարդային, սիրտ-անոթային և ստամոքսաաղիքային համակարգերի գործունեության խանգարումներ։

Դրական ազդեցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրականն այն է, որ տենդը հյուսվածքներում խթանում է նյութափոխանակությունը, հակամարմինների սինթեզը, լեյկոցիտների ֆագոցիտային հատկությունը, բարելավում է ներքին օրգաններում արյունամատակարարումը, բարձրացնում է լյարդի թունազերծող հատկությունը։ Ներկայումս արհեստական ջերմածին նյութերով առաջացրած տենդի և համապատասխան բուժական միջոցառումների համակցված կիրառումը բավականին մեծ արդյունք է տալիս մի շարք հիվանդությունների (սիֆիլիսի վաղ և ուշացած ձևեր, մաշկային որոշ հիվանդություններ, ոևմատիկ և ոչ ռևմատիկ հոդաբորբեր, շիզոֆրենիա, հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևեր և այլն) բուժման ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 650 CC-BY-SA-icon-80x15.png